Արամի ընտանիքն ունի «Կարապետի տոհմատուն» անունով փոքր հյուրատուն Ծաղկունք գյուղում։ Առաջարկելով տարատեսակ հյուրասենյակներ՝ հնաոճ և գերժամանակակից, հյուրատունն իրեն դիրքավորում է որպես հանգստի գոտի, որտեղ համադրվում է հինը և նորը, ուր ճամփորդում ես ժամանակի միջով։ Հյուրատան հաճախորդները ընտանիքներ են, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից, վայելել մաքուր օդը և վերապրել մանկությունը։
Հյուրերի զբաղվածության ապահովումը հյուրատան առանձնահատկությունն է։ Այստեղ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կգտնի իր զբաղմունքը. հայկական ավանդական ուտեստների (արշտա, գաթա, լավաշ) պատրաստման և հայկական արհեստների (կարպետագործություն, կավագործություն) վարպետության-դասերից մինչև այգեգործական աշխատանք և անգամ մոտոցիկլով պտույտ Ծաղկունք գյուղում։