Դիլիջանում գործող Akamar տուրիստական ընկերությունը բացի տուրերից առաջարկում է յուրօրինակ ծառայություն՝ շարժական խոհանոց, որը նորույթ է տարածաշրջանում։
Ընկերության հիմնադիր և գաղափարի հեղինակ Հմայակ Թամամյանը նշում է, որ սկսել են դպրոցական էքսկուրսիաների համար սնունդ կազմակերպելով, ապա ձեռք են բերել մշտական հաճախորդներ։
Շարժական խոհանոցը ապահովում է հաճախորդներին որակյալ հայկական ավանդական ուտեստներով, որոնք մատուցվում են անտառներում՝ բացօթյա պայմաններում արշավների ժամանակ, օրինակ՝ Դիմաց լեռան բարձունքներին, Գոշի լճում և այլն։ Շարժական խոհանոցի հաճախորդներին պայմանականորեն անվանում են «գուրմաններ»։ Նրանք մարդիկ են, ովքեր նախընտրում են վայրի բնությունը ռեստորանի փոխարեն։
Ուտեստները պատրաստվում են տեղում՝ պահպանելով սննդի անվտանգության կանոնները։ Ըստ ցանկության հաճախորդը կարող է ներգրավվել սննդի պատրաստման գործընթացում։
Հմայակ Թամամյան. «Սննդի մշակույթը մեր մշակույթի առանձին մասն է, որտեղ ներկայացվում է մեր կենցաղն ու ավանդույթները։ Կարևոր է աշխարհի ժողովուրդներին ծանոթացնել հայկական խոհանոցի առանձնահատկություններին»։